Հունիսի 10-ին «Իմ քայլը» բարեգործական
հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանն ընդունել է Ռամկավար ազատական
կուսակցության Կենտրոնական վարչության ներկայացուցիչներին՝ ՌԱԿ Կենտրոնական
վարչության ատենապետ Միքայել Խարապյանին, ՌԱԿ Կենտրոնական վարչության փոխատենապետ
Ալեքսան Գարատանայեանին, ՌԱԿ Կենտրոնական վարչության անդամ Սօսի Պըլըխյանին:
Հյուրերը նախ շնորհավորել են Աննա Հակոբյանին
հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և բեղմնավոր
աշխատանք մաղթել նրան: Միաժամանակ վստահեցրել են, որ իրենք Հայաստանում են պարզ
մտքով և ցանկանում են օգնել հիմնադրամին կարևոր ծրագրեր իրականացնելու գործում:
ՌԱԿ Կենտրոնական վարչության ներկայացուցիչների խոսքով՝ ծրագրերը շատ լավն են և
գործակցությունը պետք է շարունակական լինի:
Աննա Հակոբյանը հյուրերին հակիրճ ներկայացրել է
«Իմ քայլը» հիմնադրամի գործող ու պլանավորման փուլում գտնվող ծրագրերը: Աննա
Հակոբյանը հատուկ առանձնացրել է «Ճախրուկ» սոցիալական սրճատուն հիմնելու ծրագիրը,
որն իրագործվում է «Ճախրուկ» հասարակական կազմակերպության հետ գործակցությամբ:
««Ճախրուկ» սրճատունը կամ պարզապես «Սրճատուն»-ը
սոցիալական նախաձեռնություն է, որն իրականացվում է հաշմանդամություն, ֆիզիկական ու
մտավոր առանձահատկություն ունեցող երիտասարդների համար: Այն կամուրջ է
հանդիսանալու այդ երիտասարդների ու հասարակության միջև: Սրճատանն աշխատելու են
բացառապես հաշմանդամություն ունեցող երիտասարդներ, որի արդյունքում շփումը
հասարակության հետ կավելանա, ինչն էլ իր հերթին հոգեբանական մեծ ազդեցություն
կունենա: Ծրագիրը շատ բարդ իրականացվող է, սակայն «Իմ քայլը» հիմնադրամն արդեն
իսկ սկսել է նախապատրաստական աշխատանքները»,-
մանրամասնել է «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա
Հակոբյանը:
«Սրճատանը» կլինի նաև արվեստի կենտրոն, որտեղ
կցուցադրվեն ու կվաճառվեն այն բոլոր իրերը, որոնք իրենց ձեռքով պատրաստել են
ֆիզիկական ու մտավոր առանձահատկություն ունեցող անձինք:
Աննա Հակոբյանը ներկայացրել է նաև մյուս
ծրագիրը, որը ևս հանձն է առել հիմնադրամը: «Փրկություն» կենտրոնի շենքը ոչ բարվոք
վիճակում է և ունի վերանորգման կարիք: Այս կենտրոն են հաճախում ֆիզիկական ու
մտավոր առանձահատկություն ունեցող մեծահասակները, այն ցերակային խնամքի կենտրոն է:
Աննա Հակոբյանն ընդգծել է, որ գուցե այս ծրագրերը իրականացնելու փուլում
հիմնադրամը դիմի նաև ՌԱԿ-ին և կուսակցության համակիրներին:
«Մենք ունենք նաև արդեն գործող ծրագրեր: Մեծ
դժվարությամբ, բայց հաջողությամբ մեկնարկեցինք «Հաջողակ կին գործարարների
աջակցությունը սկսնակ կին գործարարներին» նախաձեռնությունը, որպիսի մշակույթ մեր
երկրում չկար: Սա բարեգործության մշակույթ է, որը պետք է ներդնենք ու զարգացնենք
նաև Հայաստանում: Շուտով 42 սկսնակ գործարարներ 1-ական մլն դրամ կստանան իրենց
բիզնեսը զարգացնելու համար: Առաջին ծրագիրը փորձնական էր, սակայն մենք
նպատակադրվել ենք այն դարձնել շարունակական»,- ընդգծել է Աննա Հակոբյանը:
Հիմնադրամի փոխտնօրենները հյուրերին ներկայացրել
են նաև մյուս ծրագրերը՝ «Հորիզոններ» դուալ կրթական ծրագիրը, որը ևս ընդլայնման
փուլում է և առաջիկայում ևս 6 նոր համայնքներում կներդրվի կրթական այս նոր
ֆորմատը, «Quanta»-ն, որը քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի մագիստրոսական ծրագիր
է, Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտման ծրագիրը, որի նպատակը
վիրավորում ստացած պատերազմի մասնակիցների սոցիալ-տնտեսական վերաինտեգրումն է:
Ժողովրդի մեջ պետք է մշակույթ դառնա միմյանց
օգնելը՝ հանդիպման ավարտին ընդգծել է ՌԱԿ Կենտրոնական վարչության փոխատենապետ
Ալեքսան Գարատանայեանը և հավելել, որ իրենք «Իմ քայլը» հիմնադրամի բոլոր ծրագրերը
կներկայացնեն իրենց շուրջ 15 հազար համակիրներին և կջանան առավելագույնս աջակցել
հիմնադրամի ծրագրերին: Աննա Հակոբյանը շնորհակալություն է հայտնել գործակցության
համար: